Ամսաթիվ 08.05.2012                                                                                        Նոր ժամանցային պորտալ
SEO sprint - максимальная раскрутка сайтов!

22:24
Շուշիի ազատագրումը


Շուշին ազատագրելու նախապատրաստական աշխատանքներն սկիզբ էին առել դեռևս 1991 թվականին, երբ ադրբեջանցիներն սկսել էին հրթիռահրետակոծել Ստեփանակերտը և շրջակա հայկական բնակավայրերը: 

Գործողության հաջողության ապահովման համար անհրաժեշտ էր վնասազերծել Ղարաբաղի մի շարք բնակավայրերի կրակակետերը: 

Ըստ ծրագրի` առաջինն ազատագրվեց Հադրութի շրջանի Տող գյուղը (1991թ. հոկտեմբերի 30): Թուրքաբնակ վայրերում տեղակայված ռազմական հենակետերից ամենավտանգավորը Ստեփանակերտի անմիջական հարևանությամբ գտնվող Կրկժանն էր: Լավ զինված հակառակորդը 2 օր կատաղի դիմադրում էր, սակայն հունվարի 19-20-ը հայ կամավորները կարողացան Կրկժանում ևս վնասազերծել նրա կրակակետերը: Ապա, պահեստային 26-րդ կամավորական ջոկատն անմիջապես առաջացավ և դիրքեր գրավելով Քյոսալար–Ջանհասան ուղղության վրա` կարողացավ հսկողության տակ առնել անտառային ճանապարհներն ու արահետները:

Շուշիից հետո Ստեփանակերտի համար ամենավտանգավորն Ասկերանի շրջանի Խոջալու ավանում տեղակայված ՕՄՕՆ-ականների հենակետն էր: Այն փակում էր Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհը, խափանում օդանավակայանի աշխատանքը: Փետրվարի 26-27-ին վնասազերծվեց նաև այդ հենակետը:

Հայ կամավորականները հաջողությամբ վնասազերծեցին նաև Շուշիի շրջանի Մալիբեյլու և Ղուշչուլար, Մարտունու շրջանի Ղարադաղլու (Վարանդա) և Վեյսալու գյուղերի կրակակետերը, ինչից հետո ավելի կատաղի դարձան Շուշիից Ստեփանակերտի հրթիռակոծությունը և գնդակոծությունը: 

Ապրիլի 24-ին ԻՊՈՒ շտաբի կազմած ազատագրական գործողությունների ծրագիրը, անհրաժեշտ հաշվարկներով ու քարտեզներով, հիմնականում պատրաստ էր: 

Ըստ հետախուզության տվյալների` Շուշիում և նրա պաշտպանական թևերում կենտրոնացած էին հակառակորդի մոտ 2500 զինվոր, 3 տանկ, 9 հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ), 10 զրահապատ փոխադրիչ (ԶՓ), 2 հետախուզական-իջազորային մարտական մեքենա (ՀԻՄՄ), 100մմ 3 թնդանոթ, 2 ՄՄ-21 հրթիռային կայանք, խոշոր տրամաչափի 3 գնդացիր: Հարկավոր էր հաշվի առնել նաև, որ ամեն օր ուղղաթիռային թռիչքներ էին իրականացվում Շուշի, և հարձակողական գործողություններն ուշացնելու դեպքում այդ թվերը կարող էին զգալի փոփոխություններ կրել: 

Հաշվարկված էին նաև հայկական կողմի հնարավորությունները: Գլխավոր պահեստայինների հետ կար 2520 հոգուց բաղկացած անձնակազմ:

Նախատեսված էր հարձակման չորս ուղղություն. 1-ինը` 26-ի ուղղություն, հրամանատար` Վալերի Չիթչյան, 2-րդը` Շոշի ուղղություն, հրամանատար` Արկադի Կարապետյան, 3-րդը` Լաչինի ուղղություն, հրամանատար` Սամվել Բաբայան, 4-րդը` Ջանհասան-Քյոսալարի ուղղություն, հրամանատար` Սեյրան Օհանյան: Ստեղծված էր նաև գլխավոր պահեստային ստորաբաժանում, հրամանատար` Յուրա Հովհաննիսյան և պահեստային ուժեր` մոտ 300 հոգի:


1992 թվականի մայիսի 4-ին ԻՊՈՒ հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանն (Կոմանդոս) ստորագրեց հարձակման հրամանը: Սակայն իրականում Շուշի-Լաչին գործողության զորաշարժային մարտերն սկսվել էին ապրիլի 27-ին: Մայիսի 6-ին, գրոհի հիմնական ուղղությունից հակառակորդին հիմնավորապես ապակողմնորոշելու նպատակով ուժերի տեղաշարժ կատարվեց Ջանհասանի ուղղությամբ: Այդ առաջադրանքի կատարումը դրվեց հիմնական պահեստային ստորաբաժանման վրա: Թեժ մարտեր սկսվեցին Ստեփանակերտի, 26-ի, 01, 02, 03, 14, Ջանհասան-Քյոսալարի դիրքերում, որի հրամանատարն էր Յուրա Հովհաննիսյանը: Մինչև մայիսի 7-8-ը, հակառակորդին խաբելու և Շուշիից դուրս քաշելու համար, մի քանի անգամ թողեցին հիշյալ դիրքերը և մեծ դժվարությամբ վերագրավեցին: Նպատակն էր` իրենց վրա վերցնել ադրբեջանցիների հարվածները, ձևացնել, թե Ջանհասան-Քյոսալարը հարձակման հիմնական ուղղությունն է:

Մարտական հրամանի համաձայն հիմնական գործողությունն սկսվեց մայիսի 8-ին, ժամը 2:30-ին: Այն կրում էր «Հարսանիք լեռներում» ծածկանունը: 

Ինքնապաշտպանական ուժերի հրամանատարական կետը Շոշ գյուղից հյուսիս էր` 1207,3 մետր բարձունքի վրա: Այնտեղ էին գործողության հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը, շտաբի պետ Ֆելիքս Գզողյանը, Զորի Բալայանը, Գուրգեն Դալիբալթայանը, Սերժ Սարգսյանը, Լեոնիդ Մարտիրոսյանը, Օլեգ Եսայանը և այլ պատասխանատու անձինք: 

Ընդհանուր հարձակումն սկսվելուց 10 րոպե առաջ կրակ բացեց ՄՄ-21 մարտկոցը: Ապա հայկական ուժերը միանգամից չորս ուղղությամբ անցան հարձակման: Առաջին և երկրորդ ուղղություններին առաջադրանք էր տրված` ճանապարհին ոչնչացնելով հակառակորդի կրակակետերը, հասնել Շուշիի պարիսպներին, ճեղքել պաշտպանությունը և մտնել քաղաք: Երրորդ ուղղությամբ գործող ուժերն առաջադրանք ունեին, շարժվելով Շուշի-Լաչին մայրուղով, Շուշին գրոհող զորամիավորումների թիկունքն ապահովել Կուբաթլուի շրջանից հակառակորդի հնարավոր թափանցումից, փակել Լաչին-Շուշի ճանապարհը, ինչը Շուշիում կռվող թուրքերին կզրկեր Լաչինից և Զառիստ գյուղից եկող օգնությունից: Ջանհասան-Քյոսալար ուղղությամբ հարձակվող ստորաբաժանումներին առաջադրանք էր տրված` հակառակորդի ուշադրությունը շեղել հիմնական գործողություններից, զարգացնելով դեռևս ապրիլի 26-ին սկսած մարտական ապակողմնորոշող գործողությունները, հակառակորդին ստիպել ավելի շատ ուժեր կենտրոնացնել տվյալ հատվածում: Միևնույն ժամանակ, Շուշիի մերձակայքի բնակավայրերը մեկուսացնելով, պետք է խոչընդոտեր նրանց փոխգործողություններին և հնարավորության դեպքում ճնշեր նաև Ջանհասան, Քյոսալար, Կարագյավ գյուղերի կրակակետերը:

Բոլոր ուղղություններով հարձակվելով` հայկական ստորաբաժանումները հաջողությամբ առաջ էին շարժվում, բայց երբ խփվեց առաջացող տանկը, 1-ին ուղղությամբ հարձակվող հայ կամավորականներն ստիպված էին կանգ առնել: Նույն պահին` Շուշիի բանտի և երկու աշտարակների ուղղությամբ հարձակվող խմբավորումն աննկատ մոտենալով պարսպապատին, ընկավ թուրքերի կրակի տակ և նույնպես ստիպված էր կանգ առնել, դիրքավորվել ու պաշտպանական մարտ մղել: 

Երրորդ ուղղության ստորաբաժանումները, հաղթահարելով լեռնային տեղանքի դժվարությունները, հասան Շուշի-Լաչին ճանապարհին և հսկողություն սահմանեցին` արգելելով Լաչինից Շուշիին օգնության հասնող ուժերի առաջխաղացումը:

4-րդ ուղղության զորամասերը նույնպես հաջողությամբ կատարեցին մարտական առաջադրանքը: Գրավելով Ջանհասան-Քյոսալար, Կարագյավ գյուղերը` դիրքավորվեցին և վերահսկողություն սահմանեցին գյուղերի ու հարակից տարածքների վրա` պատրաստվելով հակառակորդի հակահարձակմանը: 

Թուրքերը խայծը կուլ էին տվել: Նրանք դեռ չէին կարողանում կողմնորոշվել ու կռահել հարձակման գլխավոր ուղղությունը: Իսկ երբ գլխի ընկան և ճգնում էին ուղղել սխալը` արդեն ուշ էր:

Ադրբեջանական զինուժի հրամանատարությունը հայ կամավորականների` չորս ուղղություններով ծավալած հարձակման հետևանքով շփոթության մեջ էր: Զինվորների մեջ առաջացած խուճապը բարոյալքում էր բոլորին: Չնայած այն հանգամանքին, որ հայկական տանկը խփվեց, և այդ ուղղությամբ հայերի հարձակումը կանգ առավ, ադրբեջանցիները չկարողացան կանխել խուճապը, կազմակերպել քաղաքի պաշտպանությունը: Կամավորական ջոկատներն ու ստորաբաժանումները սարսափահար փախչում էին Շուշիից: Հայկական կողմը, խուսափելով ավելորդ զոհեր տալուց, 4-րդ ուղղության խմբավորմանը հրամայեց բացել Շուշի-Լաչին ճանապարհը, չխոչընդոտել թուրքերի փախուստը: Մայիսի 8-ի գիշերը` ժամը 4-ին, հակառակորդի վերջին զինվորները լքեցին Շուշին: 

Մայիսի 9-ի առավոտյան իրադրությունը կտրուկ փոխվել էր: Հայկական զինուժը, առանց դիմադրության հանդիպելու, մտավ Շուշի:

Աղբյուր



Բաժին: Հետաքրքիր նյութեր | Դիտումներ: 5532 | | Թեգեր: (Կոմանդոս), Շուշիի ազատագրումը, Արկադի Տեր-Թադևոսյանն, ազատագրում, Շուշի | Ռեյտինգ: 5.0/1

Գեղեցիկ բնապատկեր, <<Բնությունը հրաշք է>> շարքից
Մերլին Մոնրոյի չհրապարակված նկարները
Facebook-ը գնել է Glancee համակարգը
Ucoz սերվիսի առավելությունները ու թերությունները

Մեկնաբանել Facebook-ում



Մեկնաբանել կայքում

Մեկնաբանություններ չկան
Սեղմեք Enter մեկնաբանությունը հրապարակելու համար


Կայքի նորությունները ստանալու 3 միջոց`

Գրեք ձեր էլեկտրոնային փոստի հասցեն և ստացեք կայքի նորությունները

Բաժանորդագրվել կայքի RSS-ին


Միացեք կայքի էջին Facebook-ում և ստացեք նորությունները

Հայկական կայքադարան

Այլ կայքերում նյութերը տեղադրելիս հղումը good-blog.do.am կայքին պարտադիր է:Sitemap © 2024

Мини-чат
Для добавления необходима авторизация